Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն այսօր հրավիրած քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է փոխհատուցում պահանջել հայկական կողմից։
Նրա խոսքով՝ քանի որ Ղարաբաղի ստատուս քվոն վերացավ, կողմերը եկել են այնպիսի դաշտ, որը հավասարապես կարգավորվող է, հետևաբար երկու կողմերն էլ հավասար հնարավորություն ունեն։ «Եվ Հայաստանն էլ կարող է իր պահանջը բերել կոնտրիբուցիայի առումով։ Կա նույնիսկ միջազգային փորձ, երբ որոշվել է, որ երկու կողմերն էլ ավելի լավ է, որ այդ պահանջից հրաժարվեն։ Ինչ վերաբերում է իրավական գործընթացով դրան հասնելուն, ապա այստեղ Ադրբեջանի համար շատ քիչ հնարավորություններ են դիտում։ Եվրոպական դատարանի մասին մոռանանք, այնտեղ մարդու իրավունքների հիմքով կարող են բերել որոշակի պահանջ։ Բայց դա կլինի շատ քիչ»,- ասաց նա։
Ըստ Ղազարյանի՝ քիչ հավանական է, որ կոնտրիբուցիայի հարց կառաջանա։ «Ես քաղաքական գործիչ չեմ, չեմ կարող հստակ ասել, իսկ իրավական առումով այդ հնարավորությունները չափազանց քիչ են։ Մանավանդ Եվրոպական դատարանում, որը հաշվի է առնում կողմերի հնարավորությունները, այստեղ կարող է ուղղակի բացառել այն խոշոր թվերը, որոնք Արդբեջանը պատրաստում է։ Ինչ վերաբերում է փախստականների և մյուս հարցրեին, ՄԻԵԴ-ում մենք գերակայող վիճակում ենք՝ և մեր դիմումների քանակը, և որակը, և դրանցում բարձրացված հարցերի քանակը, այդ թվում՝ միջպետական գանգատի առկայությունը։ Եթե փոխհատուցման հարցին նայենք, մենք ավելի լայն հնարավորություններ ունենք։ Բայց դարձյալ խոսքը խոշոր գումարների մասին չէ, որովհետև, կրկնում եմ, խոշոր գումարների հարցը իրավական գործընթացներով չի կարող լուծվել։ Միջազգային արդարադատության դատարանում հատ ու կենտ գործեր կան, որոնցով որոշում է կայացվել ռեպարացիայի վերաբերյալ։ Օրինակ՝ աֆրիկյան երկու պետությունների վերաբերյալ 15 տարի առաջ սկսված դատով դեռ նոր՝ սեպտեմբեր ամսին միջազգային դատարանը դիմել է միջազգային կազմակերպությանը՝ փորձագիտական կարծիք ստանալու վերաբերյալ»,- նշեց նա։
Ըստ Արա Ղազարյանի՝ այնպես որ, այս փուլում առավել ակտիվ են Հայաստանի կողմից նախաձեռնված գործընթացները։ «Ինձ կոնկրետ հետաքրքրում է երկու բան՝ այս բոլոր գործընթացները պետք է տանեն երկու բանի։ Առաջինը՝ այս բոլոր դատական, կիսադատական, մոնիթորինգային գործընթացները պետք է հիմնավորեն, որ Ադրբեջանը սկսել է և վարել է անարդարացի ու անօրինական պատերազմ։ Դա մեզ ապագայում շատ բան կտա։ Դա հիմնակետ է լինելու՝ մնացած բոլոր հարցերը կարգավորելու։
Երկրորդ, որ պետք է բարձրացվի Հադրութի ու Ղարաբաղի տարածքների դեօկուպացայի հարցը։ Ամենատարբեր նյութիրավական հիմքերով որ խորանում ենք, մենք հանգում ենք ի վերջո՝ այդ պատերազմը օրինական էր, թե ոչ, օկուպացիա էր Ադրբեջանի կողմից, թե ոչ։ Ուղիղ հակառակ իրավիճակն է ստեղծվելու, ինչ կար մինչև պատերազմը։ Հիմա Ադրբեջանը կաշխատի ստատուս քվոն ձգձգել, այդ դեպքում մեր արգումենտները կզարգանան։ Իրավաբանորեն այն կողմն է խոցելի, որը ստատուս քվո է ձգձգում։ Եթե առաջ մենք էինք իրավաբանորեն խոցելի, հիմա մենք բավական առավելություն ենք ստանում, մանավանդ, որ ապացույցները բավարար չափով ֆիքսված են։ Եվ նույնիսկ կան պետություններ, որոնք իրենք են նախաձեռնել ապացույցները հանրայնացնել, ինչպես Ֆրանսիան ու Ռուսաստանը՝ կապված ահաբեկիչների ներգրավման հետ։ Սա նույնպես տանելու ու հանգեցնելու է նրան, որ այդ պատերազմն անարդարացի է եղել, ՄԱԿ-ի կանոնադրության խախտումով պատերազմ»,- ասաց Ղազարյանը։











