Պեսկովն ափսոսում է, որ քարտեզի վրա թյուրքական աշխարհի կենտրոնը Ռուսաստանը չէ

69

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որն «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին օրերս նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով  նշված չէ, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ  Ռուսաստանում՝ Ալթայում։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում», – ասել է Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է թյուրքական աշխարհի քարտեզը։ Հանդիպումից հետո հրապարակվել է քաղաքական գործիչների լուսանկարը ու քարտեզը, որի վրա Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ներկված են կարմիր։ Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի և Արևմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, իսկ Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: