Պենտագոնի ղեկավարը բացասաբար է արտահայտվել տարածաշրջանային «3 + 3» ձևաչափի վերաբերյալ

222

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Անդրկովկասում «3 + 3» ձևաչափ ստեղծելու Ռուսաստանի առաջարկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է «3 + 3» ձևաչափին, ես կասեի, որ Ռուսաստանը պետք է հարգեր 2008-ի հրադադարի համաձայնագրի պայմանները՝ նախքան նոր հարթակների մասին խոսելը», – ասաց Օսթինը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել էր, որ կողմերը քննարկել են «3 + 3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը: Լավրովը նշել էր, որ Իրանը դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, և նաև հույս էր հայտնել, որ Վրաստանը շահագրգռված կլինի Կովկասի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման նման մեխանիզմ ստեղծելու հարցում: Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ-ն հերքեց այն տեղեկատվությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ մասնակցելու «3 + 3» ձևաչափով բանակցություններին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։