Պատերազմը բռնկվել է Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության հետեւանքով, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որի այլընտրանքը պատերազմն էր։ Այս մասին հայտարարել է Արցախի հերոս, ԱԽՔ Վիտալի Բալասանյանը։
«Իհարկե, կարող էինք խուսափել։ Վստահեցնում էին, թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները բարվոք են, ես այդպես չէի գնահատի։ Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք, այդ թվում Իրանի հետ, մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Այնպես չէ, որ ամեն ինչ կորսված է ՀՀ-ի եւ Արցախի համար։ Հիմա Արցախի տարածքն ավելի քիչ չէ, քան 91-92 թվականներին։ Մենք պետք է դասեր քաղենք եւ ՀՀ եւ ՌԴ հետ հարաբերություններում պետք է որպես սուբյեկտ հանդես գանք։ Արցախը որպես սուբյեկտ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին, որն ամեն օր ցանկացել է կանգնեցնել պատերազմը։ Փաստաթուղթը չի վերաբերում Արցախին, բայց մենք այստեղ տեղակայված խաղաղապահ զորակազմի հետ գործակցում ենք հավասարը հավասարի պես։ Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ գործակցում եմ ես։ Համոզված եմ, որ ավելի է խորանալու ՌԴ հետ մեր համագործակցությունը։ Բաքվի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ իրականությունից շատ հեռու է։ Հրադադարից հետո եղել են տարածքային խախտումներ Ադրբեջանի կողմից, բայց դրանք ժամանակավոր են։ Ուզում եմ ժողովրդին հայտնել, որ լինելու են սահմանների ճշտում եւ մեր ստատուսի հստակեցում։ Ասկերանի մի մասը եւ Հադրութի շրջանը, ՀՀ եւ ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք։ Մենք չենք պարտվել։ 91-93 թվին ավելի ծանր վիճակ է եղել։ Հանդիպումներ ենք սկսելու բոլոր համայնքների ղեկավարների, ԶՈւ հրամանատարների հետ, կարիք ունենք զորքերը համալրել, մարդիկ բարձր աշխատավարձով կարող են ծառայել։ Դա մեր բոլորիս սրբազան պարտնք է։ Ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, մշտական զորքեր, ամբողջը լինելու է մեր Պաշտպանության բանակի ներքո, Բանակն էլ ենթարկվելու է ԱԽ-ին, լինելու են Բանակ եւ աշխարհազոր, ոստիկանությունն ունենալու է ուժեղացված գումարտակ, ԱԱԾ-ն՝ հատուկ ստորաբաժանում։ Այդ ամենին տալու ենք օրենքի ուժ։ Նաեւ հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու, ահաբեկիչները դեռ չեն հեռացել այս կողմերից։ Խոսակցությունները կեղծ են, թե ադրբեջանցիները շրջում են մեր տարածքում, խանութներ են մտնում եւ այլն։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում խաղաղապահ զորակազմի կողմից։ Քրեական գործեր կհարուցվեն․ ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանք հետ կուղարկվեն ՌԴ, այդպիսի մեկ դեպք եղել է եւ նա ուղարկվել է Ռուսաստան։ Թմրամիջոցներ օգտագործելն արգելված է Արցախի տարածքում, օգտագործողներն Արցախից կարտաքսվեն։ Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ եկեցղեցու հետեւորդներն ենք, այլ ուղղություններ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է»,- նշել է Վ․Բալասանյանը։











