Փաստ է, Սումգայիթում, իսկ հետո ԼՂ-ում հայ ժողովրդի դեմ կատարվել են դաժան հանցագործություններ․ Պուտին

11
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա ընդգծել է` Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ իրենք ցանկանում են կառուցել լիարժեք հարաբերություններ:

Պուտինը խոսել է Սումգայիթյան ջարդերի ու հայ ժողովրդի նկատմամբ դաժանությունների մասին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից: Ցավոք, փաստ է, Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կատարվել են դաժան հանցագործություններ»,- ասել է նա:

ՌԴ նախագահը նշել է` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումից ի վեր ընդհանուր առմամբ երկու կողմից գրեթե 5 000 զոհ կա: Նա ընդգծել է` ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են հասնել կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում առավել հետաքրքրված է, քան մյուսները:

Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ընդգծել է` օրվա մեջ մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: