Փաշինյանը «խաղաղության պայմանագիր» է խնդրում Բաքվից․ որոնք են Ալիևի նախապայմանները

202

Մինչ թշնամու զորքերը արդեն 2 շաբաթ է անդադար ահաբեկում են Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանի գյուղերը, ոչ միայն տարբեր տրամաչափի զինատեսակների և ականանետերի կիրառմամբ, այլև գյուղը լքելու հայտարարություններ միացնելով, փաշինյանական խմբակը շարունակում է կույր ձևանալ և խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին։

Բայց կարծես թե խոսքը դառնում է գործ․ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայացնող Վահան Հունանյանը հայտարարել է, որ իրենք մտադիր են առաջիկայում դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:

«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»,- ասել է Հունանյանը:

Այս հայտարարությունից հետո չուշացավ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի պատասխանը, ով հայտարարեց իբր թե Բաքուն ևս պատրաստ է Երևանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուն, այն էլ «առանց նախապայմանների»:

Իսկ իրականում, որո՞նք են Բաքվի «առանց նախապայմանների խաղաղության պայմանագրի» հիմնական պահանջները։

Խալաֆովն իր ելույթում նշել է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Արցախում, ապրող հայությանը «համարում է Ադրբեջանի քաղաքացիներ», և որ առաջիկայում «արցախցիների՝ Ադրբեջանի հասարակության մեջ ինտեգրվելու գործընթացներն առաջնային են լինելու»։

Իհարկե, Խալաֆովի այս հայտարարությունն ինքնին զավեշտալի է, օրեր շարունակ ադրբեջանական ԶՈւ-երը բարձրախոսերով արցախցիներին գյուղերը լքելու կոչերով են հանդես գալիս։

Ստացվում է՝ Արցախի որևէ կարգավիճակի մասին խոսելն անգամ անիմաստ է, այս պայամանագրի պարագայում։

Թշնամական կողմի հաջորդ պայմանը այն է, որ Արցախի պաշտպանության բանակը ամբողջությամբ լուծարվի՝ այսինքն արցախցին զրկվի ինքնապաշտպանությունից։

Նախապայմաններից են նաև եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը, դելիմիտացիան, դեմարկացիան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Այսինքն, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանին կտանի երկրորդ կապիտուլյացիայի իր բոլոր հետևանքներով, Արցախի ամբողջական բռնազավթման, Արցախի և Սյունիքի հայաթափման։

Ահա սա է, փաշինյանական թիմի «խաղաղության դարաշրջանը, որն ամեն օր ուղեկցվում է կրակոցներով, զոհերով, վիրավորներով և հայրենազրկմամբ։