Փաշինյանը կրկին Մոսկվա է գնում. փաստաթուղթը պատրաստ է

126

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը կհանդիպի  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այդ մասին Մոսկվայում «Հայաստանի և Ռուսաստանի պատկերների փոխադարձ ընկալումը» Հայաստանի փորձագետների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Այս մասին հաղորդում է Alpha News-ը։ Այդ ամսաթվերին կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսի հերթական նիստը։

«Հունիսի 7-9-ը Միշուստինը կընդունի Նիկոլ Փաշինյանին, միգուցե այստեղ ինչ-որ բան լինի, չգիտեմ»,- ասել է Պալտովը՝ հավելելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթն արդեն պատրաստ է, մնացել են որոշ տեխնիկական խնդիրներ, աննշան փոփոխություններ։ Դիվանագետը նշել է, որ ինքը մի քանի անգամ տեսել է փաստաթուղթը, այնտեղ աննշան ուղղումներ են արվելու։

«Բայց մինչ այժմ կողմերը չեն կարող անել վերջին քայլը, հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը կվերածվի ինչ-որ գործնական հարթության, եվ գուցե մեր ղեկավարները նորից հավաքվեն»,- եզրափակեց նա։