Փաշինյանը չի դադարում խոսել Արցախի պաշտպանության բանակը կազմալուծելու մասին

50

Այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից կրկնել է Արցախի Պաշտպանության բանակը ցրելու մասին թեզերը։

Ելույթ ունենալով ՀԱՊԿ ղեկավարների առջև` նա նորից կրկնել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որն իր ընկալմամբ, ցեղասպանվելու վտանգը չեզոքացնելու համար կա։

«Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն և միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,- ասել է նա։

Այստեղ Փաշինյանը նորից կիրառում է Ալիևի սիրելի տերմինները՝ ասելով Լեռնային Ղարաբաղի հայեր։ Սա մտածված կիրառություն է։ Պետք է ոչ թե ամենաբարձր մակարդակով ասվի «ԼՂ հայեր», որը ենթադրում է տվյալ տարածքում ապրող փոքրամասնություն, այլ «ԼՂ ժողովուրդ», որը իրավական հիմք է տալիս Արցախի ինքնորոշման համար։

Հաջորդիվ, ըստ Փաշինյանի՝ ՊԲ-ն ցրելու տարբերակներ կան, որն ինքը Սոչիում առաջարկել է  Պուտինին և Ալիևին․ «Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ։ Այս առաջարկը, կարծում եմ, մնում է ուժի մեջ»,- այսօր հայտարարել է Փաշինյանը։

Եվ այստեղ Փաշինյանը նորից կրկնում է օրեր առաջ քաշած թեզը, որ Արցախից են իրեն արել տվյալ առաջարկը, մինչդեռ Արցախից օրերս հերքել են՝ շեշտելով, որ նմանատաիպ որևէ առաջարկ չի արվել Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես հարցին անդրադարձել էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով շեշտել էր, որ ՊԲ-ն չի կազմալուծվելու․

«1.Արցախի Հանրապետության զինված ուժերը չեն կազմալուծվելու։ Հակառակը՝ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ բանակն արդի պայմաններին համապատասխանեցնելու համար։

2.Արցախի Հանրապետության որևէ պետական մարմին չի հնչեցրել նման առաջարկ:

3.Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական իշխանությունների միասնական տեսակետն է՝ ամեն գնով պահպանել Արցախի զինված ուժերը, դրանք համալրել թե՛ մարդկային և թե՛ տեխնիկական ժամանակակից միջոցներով և ունենալ մարտական խնդիրները կատարող զինված ուժեր»,- հարցմանը պատասխանել էր Բալասանյանը։

Թե ով է իրականում այս առաջարկի հետևում կանգնած, և արդյոք եղե՞լ է իրականում նման առաջարկ կամ քննարկում Արցախի վերնախավի հետ, հստակ չենք կարող իմանալ, բայց որ ամեն ջանք գործադրվում է ՊԲ-ն կազմալուծելու և Արցախի Ադրբեջանին նվիրելու համար, դա հերքելն անհնար է։

Զավեշտալին այն է, որ խաղաղապահ առաքելություն իրականցնող որևէ խումբ չի կարող ժողովրդին պաշտպանել ցեղասպանվելու, պատմության մեջ շատ կան նման դեպքերը, որոնք դեռ թարմ են մեր հիշողություններում։ Ուստի, շարունակ պնդել բանակի կազմալուծում՝ իմանալով, որ ռուս խաղաղապահն անգամ Փառուխի և Քարագլխի դեպքում ոչինչ չկարողացավ անել, առնվազն հայկական շահերին դեմ քայլ է։ Չխոսենք, որ 2000 հոգանոց ռուսական խումբը չի կարող փոխարինել հազարավոր ՊԲ-ին։