Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին

130

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ ռուս խաղաղապահները, Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում:

«Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան, որ կցանկանայինք: Անցած տարվա նոյեմբերի իննից հետո երկու կողմից էլ մի քանի տասնյակ զոհեր կան: Միջադեպերը տեղի են ունենում և ԼՂ-ում, և այս տարվա մայիսի տասներկուսից փաստորեն ճգնաժամային իրավճակ է հայ-ադրբեջանական սահմանին:

Եվ մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահամանազատում և սահմանագծում չի իրականացվել, բայց պետական սահման գոյություն ունի, և դա ՀՀ սուվերեն տարածքն է:

Եվ ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր դրույթները, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, իրականացվել են: Դուք գիտեք, մենք դա Ձեզ հետ բազմիցս առկա և հեռակա կարգով քննարկել ենք: Հիշեցնեմ, որ կա դեռ գերիների, պահվող անձանց և ռազմագերիների հարցը, և սա շատ կարևոր մարդասիրական հարց է: Ցանկանում եմ ասել, որ այսօր մենք հավաքվել ենք ոչ թե խնդիրները բարձրաձայնելու, այլ դրանց լուծումները քննարկելու համար»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշիյնանը նաև հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին, ապաշրջափակման թեման ևս կարևոր է, ապա նաև ընդգծել է, որ հայկական կողմն ակեղծորեն հետաքրքրված է, որ լուծվեն այդ հարցերը։

 Նա նշել է, որ հանդիպման նպատակը ոչ թե գոյություն ունեցող խնդիրների մասին խոսելն է, այլ այն, որ այսօր կողմերը կարողացել են որոշումներ կայացնել Հարավային Կովկասում կայունության հասնելու հարցում։