Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրգործ հարուցելու պահանջով նիստը հետաձգվեց

37

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ հետաձգվեց փաստաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքը։

Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը դատական նիստին ներկայացրեց, թե խոսքն ինչի մասին է: Նա նշեց, որ դեռեւս դեկտեմբերի 22-ին իրենք մի խումբ փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազին, որտեղ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու համար հիմքեր են նշել. «Գլխավոր դատախազությունը այն ուղարկել էր ՀՔԾ: Եթե քրեական գործ հարուցելու հիմքը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրգործ հարուցելու մասին որոշում կայացնել: ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության:

Մինչդեռ իրենք գրությամբ են պատասխանել՝ նշելով, որ ձեր հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործի նյութերին եւ քննելու են այդ գործի շրջանակներում:

Մենք իրենց անգործությունը վիճարկել ենք դատարանում եւ դատարանից խնդրել ենք մեր իրավունքի խախտումը վերացնել: Այսինքն՝ պետք է պարտավորեցվի ՀՔԾ-ին, որ իրենք պատշաճ որոշում կայացնեն: Եթե մեր ներկայացրած փաստերը չեն վկայում առերեւույթ դավաճանության մասին, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվի»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: