Փաշինյանի մանիպուլյացիաները շարունակվում են․ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարող 1991-ին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը

85

Արցախի հարցը տարածքի հա՞րց է, մեր ընկալմամբ Արցախի հարցը տարածքի հարց չի, Արցախի հարցն իրավունքի հարց է, տարածքի հետ կապ չունի, լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն այս անգամ էլ փայլեց ապատեղեկատվություն տարածելու և իրողությունները մանիպուլացնելու իր ձիրքով։ Նա հայտարարեց, որ «Երբ ասում ենք, որ Արցախի հարցը նենգափոխվել է, այդ թվում՝ Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելով, նաև դա նկատի ունենք, որովհետև 1991 թվին ԱՊՀ փաստաթղթերով Հայաստանն ու Ադրբեջանն փոխադարձ իրենց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Դա նշանակել է, որ Ղարաբաղի հարցը չկա՞, գոյություն չունի՞»։

Իրականում Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ հիմնադիր անդամ պետություն չի եղել, Ադրբեջանը ԱՊՀ հիմնադրման համաձայնագիրը և կից արձանագրությունը, ԱՊՀ Կանոնադրությունը վավերացրել է 1993 թվականի սեպտեմբերի 24-ին: Նշանակում է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը 1991 թվին չէին կարող ճանաչել տարածքային ամբողջականությունը։

Այնպես որ, սա փաշինյանական հերթական մանիպուլյացիան է տարածքների հանձնման, Արցախից հրաժարվելու ճանապարհին։ Այս հայտարարությունը նաև ի ցույց է դնում Փաշինյանի սնանկ գիտելիքները Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։