Բանակի օրը՝ հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մեջբերելով, փոխանցում է Հրապարակ-ը։
«ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը բոլորովին էլ հարթ չի ընթացել։ Ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել եւ դուրս եկել սենյակից։ Նրա հետեւից գնացել են, համոզել, հետ բերել։
Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի եւ ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում դեռ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»,-գրում է լրատվամիջոցը։











