Փաշինյանի և Ռայիսիի հեռախոսազրույցից հետո իրանական կողմը ուշագրավ մանրամասներ է հաղորդել

311

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը։ Ըստ Իրանի նախագահի պաշտոնական կայքի, Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ «Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը բոլոր տարածքների ու այդ երկրով անցնող ճանապարհների նկատմամբ»։

Ընդգծելով, որ Թեհրանը ողջունում է առաջընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցային գործընթացում, Իրանի նախագահն ասել է. «Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների և իրավունքի շրջանակներում։ Մենք աջակցում ենք բոլոր անցակետերը հանելուն»։

Սակայն կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝  Փաշինյանն ու Ռայիսին խոսել են տարածաշրջանում ընթացող գործընթացների, ինչպես նաև տնտեսական համագործակցության մասին։ Ռայիսին հայ ժողովրդին շնորհավորել է Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ։ Փաշինյանն իր հերթին շնորհավորել է Իրանի քրիստոնյաների տոները՝ շնորհակալություն հայտնելով Իրանին հայության պահպանման համար պայմաններ ստեղծելու համար։

Ստացվում է, որ Փաշինյանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ չկան ամենակարևոր կետերը։ Մասնավորապես այն, որ Իրանի նախագահը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը «բոլոր տարածքների ու ճանապարհների նկատմամբ»։ Բացի այդ՝ հասկանալի չէ, թե «հայկական և ադրբեջանական կողմերի» միջև ինչ «անցակետեր հանելու» մասին է խոսում իրանական կողմը։