Մայիսի 23-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, գրում է kommersant.ru-ն:
Թերթը գրում է, որ Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ըստ պարբերականի՝ մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի արդյունքում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի։
Այդ փաստաթղթերի համակարգումը, ըստ kommersant.ru-ի, տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։