Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Այս մասին Ազատություն ռադիոկայանին ասել է Ռուբեն Ռուբինյանը։
«Օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է։ Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել»,- ասել է Ռուբինյանը:
Նշենք, որ այս հանդիպման մասին առաջինը հայտնել էր Էրդողանը՝ նշելով․ «Այս պահին քննարկում ենք Եվրոպական քաղաքական համայնքի Պրահայում սպասվող առաջիկա հանդիպման մասնակցության մասին։ Եթե մենք որոշենք Չեխիա գնալ, ապա հավանական է, որ այնտեղ կլինի նաև Փաշինյանը։ Հայկական կողմը նախկինում առաջարկել էր այդ հարթակում հանդիպման մասին։ Հավանաբար մենք հնարավորություն կունենանք այնտեղ քննարկել այդ հարցերը։ Բացի այդ, Կովկասի հարցերով մենք ևս, միանշանակ, նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին հանդիպումը պլանավորման փուլում է։ Ես այս հարցերը կքննարկեմ իմ եղբայր Ալիևի հետ և դրանից կախված քայլեր կձեռնարկենք»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-7-ին Պրահայում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։ Հանդիպմանը հրավիրվել են ԵՄ անդամ 27 պետությունները, Արևմտյան Բալկանների վեց երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը։











