Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ինքնախոստովանություն է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության աններելի անփութության մասին

5
Պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրել է․
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի այսօր տարածած հայտարարության մեջ ուշադրությունս գրավեց հատկապես հետևյալ կետը.
«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն» (https://mil.am/hy/news/8686
Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնախոստովանություն ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության աններելի անփութության մասին։ Ստացվում է, որ ՀՀ ՊՆ-ում և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում տարիներով պատրաստվել են ընդամենը… 6-7-օրյա պատերազմի ու լրջորեն չեն անդրադարձել հնարավոր վատթարագույն սցենարներին։ Բայց չէ՞ որ թշնամին կարող էր բոլորովին այլ հաշվարկներ ունենալ։ Իսկ ու՞ր էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը, որն, ի թիվս այլ խնդիրների, պետք է նաև ապահովեր «խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը» (https://mil.am/hy/structures/16):
Ի՞նչ էր անում վերջին տարիներին հետախուզությունն՝ իր վերլուծություններով ու ռազմավարական գնահատականներով։ Վերջապես, ինչպե՞ս էին կարողանում հանգիստ քնել մեր ռազմական (էլ չասեմ՝ քաղաքական) ղեկավարության առաջին դեմքերը, երբ ինտենսիվ պատերազմի ժամանակ Հայկական բանակի հնարավորություններն, ըստ այս ինքնախոստովանքի, «սեղմ ժամկետում կսպառվեն»։
Այս առումով բազմաթիվ ուրիշ հարցեր էլ կան, բայց դրանց մասին՝ ավելի ուշ։