Օգոստոսի 25-ը մեր ամոթի հերթական օրն է․ թշնամին այսօր տիրացավ Բերձորին, Աղավնոյին և Սուսին

361

Այսօր թշնամու վերահոսկողությանն է հանձնվում Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերը՝ առանց որևէ հիմնավորման։ Ադրբեջանը հերթական էթնիկ զտումն իրականացրեց հայերի հանդեպ՝ բռնազավթելով մեր պատմական հողերն առանց մեկ կրակոցի։

Պատերազմից առաջ Բերձորում ապրում էր 2247 մարդ, Աղավնոյում՝ 270, իսկ Ներքին Սուսում՝ 112։

2020թ․ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո Բերձորի բնակիչների մեծ մասին այդպես էլ չթույլատրվեց վերադառնալ իրենց տներ։ 2022-ին այնտեղ ապրում էր ընդամենը՝ 250 մարդ, Աղավնոյում 185։

Այսօր թշնամու էթնիկ զտման արդյունքում, Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հերթական հակահայ պայմանավորվածությամբ Բերձորը, Աղավնոն և Սուսը հայաթափված են, մինչդեռ եռակողմ պայմանավորվածության որևէ կետում գրված չէ այս բնակավայրերի հանձնման մասին։

30 տարի առաջ ազատագրվեց Բերձորը և Արցախը կապվեց Հայաստանի հետ․ այսօր լուռ, առանց դիմադրության թշնամուն է նվիրվում արյան գնով ազատագրված հայկական հողը։ Սա մեր ամոթի հերթական օրն է։