Երևանի Օղակաձև այգում վիշապաքարերից 5-րդը ևս արդեն ճիշտ դիրքով է տեղադրված: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախախարության և Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ պատկերագրված հատվածով գլխիվայր տեղադրված 5 վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքների մասին:
Թուխիկյանը նշեց, որ Հայաստանում մոտ 100 այսպիսի վիշապաքարերից 18-ը տեղաշարժված են իրենց բուն բնակավայրերից և հայտնվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում, և դրանք ոչ միայն տեղաշարժվել են, այլև սխալ դիրքով տեղադրվել են բետոնային հիմքի մեջ:
«Կարծում եմ, որ սա շատ կարևոր առաջին քայլն էր, որ մենք բետոնից ազատեցինք և ճիշտ դիրքով դրեցինք այդ վիշապաքարերը Արագածոտնի մարզի 4 տարբեր տեղերում: Եվ, իհարկե, 5-ը, որ տևական ժամանակ է՝ Օղակաձև այգու լճի մոտ տեղադրված էր, սակայն սխալ դիրքով՝ պառկած վիճակում»,- նշեց նա:
Հնագետ Արսեն Բոբոխյանի խոսքով՝ վիշապաքարեր կարելի է հանդիպել միայն Հայկական լեռաշխարհում, որոնք բացառիկ հուշարձան են և կառուցվել են Ք.ա. 2-3 հազարամյակներում և արդեն վերջին 10 տարիների ընթացքում բավականին ինտենսիվ հետազոտվում են:














