Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է պնդել, որ Երևանը հանձնում է, որպեսզի կանխի ինչ-որ հնարավոր ռազմական էսկալացիա

75
Նիկոլ Փաշինյան

Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է պնդել, որ Երևանը հանձնում է, որպեսզի կանխի ինչ-որ հնարավոր ռազմական էսկալացիա։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ սահմանային ճշգրտումներով պահվում է հնարավոր ռազմական էսկալացիան Սյունիքի ուղղությամբ, տեղեկացնում է Փաստինֆոն։

«Ադրբեջանի ախորժակն անսահման է, ինչքան զիջես, այնքան կվերցնեն։ Այսօր իրենք արդեն անուղղակի պահանջում են Սյունիքը, ինչ-որ ռազմատուգանքներ են ակնարկում։ Նույնկերպ վաղը կասեն՝ ուրեմն էս էլ տվեք, էն էլ տվեք։ Իշխանությունը մի այսպիսի միֆ ստեղծեց, թե իբր դրանով դադարեցրեցին պատերազմը, բյց պատերազմը չի դադարել։ Մենք դրանից հետո արդեն ունենք զոհեր, ունենք 70-ից ավելի մարդ, որոնք ճակատագիրը հայտնի չէ և ամեն կերպ դաշտում հակասական ինֆորմացիա են նետում։ Այս ամեն ինչն ուղղորդված քաղաքականություն է՝ ժողովրդին շփոթեցնելու, անորոշության մեջ պահելու։ Այդ ընթացքում ամեն օր, ամեն ժամ մենք նոր դիրքեր ենք կորցնում, նոր տարածքներ զիջում։ Պատերազմը չի կանգնել ու այդ կապիտուլյացիայի պրոցեսը շարունակվում է։ Շարունակվում է զիջողությունը, նույնիսկ կասեի իր դիրքի դասալքությունը, որովհետև երեկ, երբ Հայաստանը պետք է ներկայացված լիներ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Նիկոլ Փաշինյանը չկար և Ալիևն ինչ ուզում ասում էր Հայաստանի մասին։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի լքել էր իր դիրքը»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ Սյունիքից մի մետր չի հանձնել, Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դա մանիպուլյացիա է․ «Ըստ էության այսօր սահմանը գծում է ադրբեջանցին՝ ռուսների հետ համաձայնեցնելով։ Հայկական կողմը որևէ կերպ չի մասնակցում։ Եթե հայկական կողմը չի մասնակցում, ադրբեջանցին այդ սահմանը գծում է որտեղ ուզում է։ Կան հանձնաժողովներ, որոնք սահմանի ամեն մետրը քննարկում են, պայմանավորվում են։ Այդ բոլորը տարիների ընթացքում քննարկվող հարցեր են»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։