Ռազմագերիները գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, սակայն մինչ այժմ հնարավոր չի եղել ամբողջությամբ ապահովել այն, քանի որ անհրաժեշտ են քաղաքական լուծումներ։ Այս մասին «Ազգային աղետ և վերածնունդ.իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ընթացքում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս կյանքի են կոչվում նոյեմբերի լույս 10-ին կնքված առոչինչ պայմանագրի դրույթները։ Սահակյանն ընդգծեց, որ միջազգային իրավունքը մեր նկատմամբ երբեք չի կիրառվի, եթե պահանջատեր չլինենք այդ իրավունքների իրացմանը։
Ըստ Սահակյանի՝ գերիների փոխանակման գործընթացի ոչ պատշաճ իրականացումն ունի քաղաքական նախադրյալներ, մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտարարությունում չի կարևորվել գերիների վերադարձի հարցը, ժամկետներ չեն նշվել։ Պետք էր ներկայացնել պետության հսկողության ներքո գտնվող անձանց ցուցակը, պետք է ներդրվեր ստուգման մեխանիզմներ, ուսումնասիրել ցուցակը, անկախ պետության կամ կառույցի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենար մուտք գործել անազատության մեջ գտնվող անձանց պահման վայրերը, որից հետո պետք է հաջորդեր գերիների փոխանակման հարցը։
Սահակյանը գտնում է, որ այս հանգամանքներով պայմանավորված Ադրբեջանը դրսևորում է անբարեխղճություն, առկա են ցինիզմի տարրեր, հերքում անհերքելի փաստեր, օրինակ՝ Էրիկ Խաչատրյանի գերեվարման փաստը։
Բացի դա՝ կան գերեվարման դեպքեր, որոնք Ադրբեջանի կողմից մնում են պաշտոնապես ոչ հաստատված։
Սահակյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը չարաշահում է գործընթացներ, երբ ռազմագերիները ներկայացվում են որպես ահաբեկիչներ։











