Նոյեմբերի 16-ին Ջերմուկի զորամասից 12 զինծառայող է գերեվարվել․ զինվորները մեկ դիրքից մյուսը «Ուրալով» գնալիս շրջափակման մեջ են ընկել

276

Սեփական հետաքննության արդյունքում, միմյանց հետ շփման մեջ լինելով, պարզել ենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում Ջերմուկի զորամասից 12 զինծառայող է գերեվարվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց նոյեմբերի 16-ին Ջերմուկի զորամասից գերեվարված զինծառայողներից մեկի հարազատը, որը չցանկացավ հրապարակել իր անուն֊ազգանունը` գերի զինվորի վերաբերյալ նույնականացնող տվյալներ չհանրայնացնելու համար։

Նրա խոսքով՝ այդ օրը գերեվարվածների մի մասը Ջերմուկի զորամասից են, մի մասը՝ Վանաձորի «Դուց»-ի։ «Ջերմուկում զինծառայողներին մեկ օրով են բարձրացրել դիրքեր, գործողությունները 2 հիմնական դիրքերում են ծավալվել, և զինվորները մեկ դիրքից մյուս դիրք «Ուրալով» տեղափոխվելիս շրջափակման մեջ են ընկել, որովհետև այն արդեն հանձնված է եղել»,-ասաց նա։

Գերեվարված զինծառայողի հարազատը նշեց, որ նոյեմբերի 16-ից հետո դիմել են գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովներին, բայց տեսանելի արդյունք չկա։