Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։
Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։
«Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»,- նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Դավիդյանցի փոխարեն կնշանակվի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, Թորոսյանի մտերիմ Հովհաննես Մադոյանը։














