Նոր մանրամասներ՝ Գյումրիում դաժանաբար ծեծի ենթարկված 13-ամյա աղջկանից

21

Վեց ամիս առաջ Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում ողբերգությունից հետո առանց ծնողական խնամքի մնացած Նազելին ապրում է հայրական տանը՝ հորաքրոջ հետ։ Աղջիկը հիմա առաջվա պես շփվող չէ, բայց հոգաբարձության խորհրդում վստահ են, որ սա ժամանակավոր է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի քարտուղար Նելլի Սարգսյանը տեղեկացրեց, որ խնամակալության հոգաբարձության հանձնաժողովը, որոնց մեջ կա մանկավարժ, սոցիալական աշխատողներ, զբաղվում են երեխաներով։

Նազելիի նկատմամբ առայժմ հորաքույրն է ճանաչվել խնամակալ։ Նրա հետ ապրում է նաև ավագ եղբայրը, որի 18 տարին կլրանա սեպտեմբերի 22-ին։ Երեխաներն ապրում են իրենց հայրական տանը։ Հնարավորության սահմաններում՝ համայնքի կողմից նրանց օգնում են, իսկ առողջական վիճակը այս պահին նորմալ է՝ բավարար։ Հորաքրոջ հետ միշտ կապի մեջ են։

«Այս պահին իրենք ընդգրկվել են համայնքի կողմից ֆինանսական օգնության մեջ, հոկտեմբերին կստանան ֆինանսական օգնություն․ այս պահին չափը որոշված չէ, մոտավորապես 30 հազար դրամի չափով օժանդակություն կլինի։ Ավագանու նիստը հոկտեմբերին կլինի՝ կստանան։ Նրանք ընդգրկված են ընտանեկան նպաստի մեջ և ստանում են նպաստ՝ մինչև 50 հազար դրամ՝ որպես երկկողմանի ծնողազուրկ երեխաներ»։

Նելլի Սարգսյանը տեղեկացրեց՝ հորաքույրը 53 տարեկան է, այս պահին չի աշխատում՝ երեխաների խնամքով է զբաղված։ Ժամանակին նա հրաժարվել էր երեխաների խնամակալությունից՝ պատճառներից մեկն էլ հենց սոցիալական հարցն է եղել։ Հորաքույրը՝ որպես խնամակալ առանձին օժանդակություն չի ստանալու։

«Համայնքի ղեկավարի հետ քննարկել ենք այդ հարցը, որ գոնե եռամսյակը մեկ ֆինանսական օժանդակություն ցուցաբերենք»։


Երկուշաբթի՝ Նազելիի եղբայր Ռուդիկը և հորաքույրը եղել են համայնքապետարանում, հարցեր են քննարկում՝ տան վերանորոգման հետ կապված։ Համայնքապետարանը քննարկում է, նրանց որևէ կերպ օգնություն տրամադրելու հարցը։

«Շատ աշխույժ, շատ լավ աղջիկ է, խելացի լավ աղջիկ է։ Հորաքրոջ հետ ուրբաթ օրը զրուցեցի՝ հարցրեցի օգնություն պետք է, ասաց՝ այս պահին ոչ։ Ուշադրության կենտրոնում են, շատ լավ երեխաներ են։ Նրանց տունը հին գյումրեցու տուն է, վերանորոգման կարիք ունի։ Իրենք էդ տանը ծնվել, մեծացել են՝ հայրական տունն է՝ փոքր բակով, բայց վերանորոգման կարիք ունեցող տուն է։ Համայնքի ղեկավարի հետ քննարկել ենք՝ինչով կկարողանանք օգնել»։

Տղան նորից Ռուսաստան գնալու ցանկություն չունի՝ Նազելիի եղբոր խնդրով նույնպես զբաղվել են` տղան նախորդ տարի տեղի տարածաշրջանային քոլեջից դուրս է մնացել ինչ–ինչ պատճառներով։ Հիմա նոր քոլեջ կհաճախի։

«Ռուդիկի համար մենք խոսել ենք՝ տեխնիկական քոլեջ է գնալու։Մի քիչ տարակուսեց, սկզբից չուզեց, բայց հետո կարողացանք համոզել, մտածում ենք, որ անպայման պետք է որևէ մասնագիտություն ձեռք բերի։ Իսկ քույրը գնալու է 7-րդ դասարան։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, արտոնություն ունի անվճար սովորելու, մենք էլ ուզում ենք այդ արտոնությունից օգտվի»,- ասաց Նելլի Սարգսյանը։

Խորհրդի քարտուղարը տեղեկացրեց, որ Ռուդիկը հոգեբանորեն հիմա վերականգնված է։

«Քույր ու եղբայր իրար հետ շատ ջերմ հարաբերություն ունեն։ Հորաքրոջ հետ քննարկել ենք, թե դուրս գալիս, շփվո՞ւմ են արդյոք։ Առայժմ դեռ այդպես առաջվա նման չէ նրանց վերաբերմունքը ընկերների հետ, և այլն։ Ամփոփ են, առայժմ հորաքրոջ հետ են։ Հորաքույրն էլ ջերմ է, շատ հոգատար է։ Դա այնպիսի դեպք է, որ արագ չէին վերականգնվի։ Ռուդիկն ունի ընկերներ թաղում, շատ մոտ մանկության ընկեր ունի։ Այն ժամանակ երբ դեպքը եղել էր, ինքը շփվում էր, գնում էր ընկերոջ տուն։ Կամաց-կամաց պետք է վերականգնվեն»,- եզրափակեց Նելլի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Մարտի 5-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց 43-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը. Նրանց դաժանաբար ծեծել էր կնոջ ընկերը։

Բժիշկներին հաջողվեց Նազելիի կյանքը փրկել։