Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ պահանջելով Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին

26
Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ, 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը,
Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,
Քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։
Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին՝
կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար»։