Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով ԲՀԿ-ն կդիմի ՍԴ

27
Նաիրա Զոհրաբյան

Հայաստանում այսօր կա մի փոքրիկ բռնապետական կլան, որը փորձում է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականով խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը, սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել են հակասահմանադրական մի որոշման նախագիծ։ Այս հարցով զբաղվում են լուրջ սահմանադրագետներ և հենց այսօր դիմելու ենք ՍԴ, որովհետև բնական է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ն վերածել է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը, նկատի ունենալով վարչապետին, նշեց՝ նա, ով փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել, հետո եթե անգամ դառնա միլիոնատեր, միևնույն է, նա այդ հեծանիվն ամբողջ կյանքում չի ունենալու․ «Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ զրկելով ինձ հանձնաժողովի նախագահի լիազորություններից, դրանով ինձ կամ իմ քաղաքական թիմին վատություն է անելու։ Նա չի հասկանում, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնն ընդամենը մի լծակ էր, որի բացակայությունն ինձ չի խանգարելու անել այն կարևոր աշխատանքը, որն արել եմ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։