Մտավախություն ունեմ, որ երկրները, որոնք պատրաստվում էին ՀՀ համար սահմանները բացել, կարանտինի հիմքով չբացեն․ Մարուքյան

17
«Մեկ ամսվա արտակարգ դրության փոխարեն մեզ առաջարկում են մինչև վեց ամիս կարանտին հայտարարելու նոր իրավակարգավորումներով նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի»,- հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նախագծերի փաթեթին:

«Այն ունի հակասահմանադրական դրույթներ՝ մարդու իրավունքների հետ կապված: Բացի դրանից՝ Հանրապետության տարածքով մեկ կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատ ուղերձ է, և ես մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում էին ՀՀ համար սահմանները բացել սեպտեմբերի 12-ից հետո՝ արտակարգ դրության դադարի հիմքով, հնարավոր է՝ կարանտինի հիմքով շարունակեն սահմանափակումները մեր նկատմամբ պահպանել, որից տուժելու է մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը, մենք բոլորս: Կարելի է էլի քննարկել, անվանումը փոխել անգամ՝ կարանտին հայտարարելու հետ կապված»,- ասաց Էդմոն Մարուքյանը: