Վերջին 24 տարիների ընթացքում ավելի քան 50 իսրայելցի բարձրաստիճան հրամանատարներ ՆԱՏՕ-ի հովանու ներքո և Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են վերակառուցել և կազմակերպել Ադրբեջանի ռազմական կառույցը։ Այս մասին Jerusalem Post-ից Հիլ Հոֆմանին տված հարցազրույցում ասել է «Մոսադ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուզի Արադը։
Ուզին իր հարցազրույցով բացահայտել է, թե ի վերջո ո՞վ է նախապատրաստել Հայաստանի և Արցախի դեմ 2020թ. աշնանն իրականացված բազմազգ ագրեսիան։
«Ադրբեջանին ռազմական զենք վաճառելը, անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջադեմ գործարանների կառուցումը, Ադրբեջանի բարձրագույն ռազմական հրամանատարների համար 146 վերապատրաստման դասընթացների անցկացումը և բազմակի գաղտնի տարեկան համատեղ զորավարժությունների անցկացումը Կասպից ծովում, Ադրբեջանում և Հայաստանի հետ սահմաններում Թել Ավիվի և Բաքվի համագործակցության հիմնական ոլորտներից են։
Ադրբեջանի Անվտանգության ծառայության շենքի մեկ հարկում Մոսադի սպաների տեղակայումը` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կողքին աննախադեպ է։ Որևէ այլ երկրում նման բան չկա։ Նկատի ունեցեք, որ այս իմ նշածից ոչ մեկն այլևս գաղտնիք չէ: Իհարկե, կան բաներ, որոնք մենք չենք կարող քննարկել»։
Ուզին նաև շեշտել է, որ Ադրբեջանի անվտանգությունն իրենց համար այնքան կարևոր է, որքան Իսրայելինը։
Հարցին, թե օտար երկրներն ինչ ազդեցություն ունեն, Բաքվի միջազգային քաղաքականության վրա, Ուզին ասել է․
«Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատները Բաքվում վերջին 20 տարիների ընթացքում կոալիցիոն կարգով նույն նպատակն են հետապնդում։ Կոալիցիայի դոմինանտությունն Ադրբեջանում և Բաքվի իշխանությունների քաղաքական որոշումները նույնն են, ինչ Իսրայելի դոմինանտությունը Արևմտյան ափին․ այն տարբերությամբ, որ Մահմուդ Աբբասի փոխարեն որոշումներ է կայացնում Իլհամ Ալիևը»։
Նա նաև մանրամասներ է հաղորդել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների խորացման վերաբերյալ։
«Մենք որոշեցինք լիարժեք հարաբերություններ հաստատել նրանց (Ադրբեջանի – խմբ.) հետ 1991 թվականին, երբ նրանք վերականգնեցին իրենց անկախությունը։ Ինչպես գիտեք, Իսրայելն առաջին պետություններից էր, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ադրբեջանի հետ 1992 թվականի ապրիլի 7-ին։ Պետք է ասեմ, որ մահմեդական երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ, ապա շատ ավելին հաստատելն այնքան էլ հեշտ չէ։ Ադրբեջանցիները ոչ միայն հիմնականում մահմեդական են, այլեւ երկիրը Իրանի հարեւանն է։ Բայց պատմության լավ կողմն այն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պետական պաշտոնյաները, հատկապես Հեյդար եւ Իլհամ Ալիեւները, իսլամի հանդեպ ոչ մի համակրանք չէին տածում եւ ի սկզբանե գնահատում էին Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները:
Ես վեցամսյա հատուկ առաքելությամբ Բաքվում Իսրայելի դեսպանատանն էի։ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լեյլան, որի հետ ես անձամբ ծանոթ եմ, հրեա ընկեր ուներ՝ Էմին Աղալարովը, ում հետ նա հետագայում ամուսնացավ։ Նրա մորն ասել էին, որ լավ կլինի, եթե որդին հրապարակավ չհայտարարի, որ հրեա է։ Նա շատ լավ հարաբերություններ ուներ Ջարեդ Քուշների հետ։ Անկեղծ ասած, եթե մեր րաբբիները թույլ տային Լեյլային հուդդայականություն ընդունել, նա դա պատվով կաներ։
Բայց կարծում եմ, որ մենք հենց այնտեղ ենք, որտեղ ուզում ենք լինել, եւ որ մեր նպատակների մեծ մասին հասել ենք, իսկ մնացածին մոտ ապագայում կհասնենք»,- ասել է Արադը՝ հավելելով, որ 2017 թվականից աշխատում է արձակուրդները Բաքվում անցկացնել։











