Կողմերը վերահաստատել են բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել կարգավորմանն ուղղված գործընթացը

5

Հոկտեմբերի 30-ին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Մնացականյանն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների անվերապահ կատարման եւ կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում:
ՀՀ ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ շեշտեց նաեւ Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: