«Փաստինֆո»-ն գրում է. «ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որեւէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել Արարատ Միրզոյանին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նման վիճարկելու հայտարարությամբ էր հանդես եկել «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով. «Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե այդ հայտարարությունը եղել է Միրզոյանի կարծիքը, թե այն հիմնված է հետազոտության, սոցհարցման արդյունքների վրա։ Ու խնդրել հայտնել, թե ում կողմից եւ երբ է կատարվել այդ հետազոտությունը, ինչ հարցերի շրջանակ է ուսումնասիրվել ու ինչ արդյունքներ են արձանագրվել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաեւ Միրզոյանի հայտարարության համար հիմք հանդիսացած սոցհարցման կրկնօրինակը։
Սակայն պարզվեց, որ Միրզոյանն ընդամենը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Արարատ Միրզոյանի կողմից նեկայացված այն կարծիքը, որ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում»,- նշված է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։
Նկատենք, որ բաց աղբյուրներում առկա հարցման արդյունքները փաստում են հակառակի մասին, որ Հայաստանի հասարակությունն ամենեւին էլ պատրաստ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ավելին՝ այդ երկու երկրները համարում են սպառնալիք Հայաստանի համար:











