Ադրբեջանը նախապայման է դնում Մինսկի խմբի համանախագահների առաջ Արցախ այցելելու համար։ Այս մասին Եռաբլուրում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մի խնդիր կա, որը շատ քիչ է քննարկվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը գործում է, սակայն բազմաթիվ խնդիրներ կան։ Համանախագահները չեն կարողանում մեկնել Արցախ, քանի որ կողմերը տարբեր պայմաններ ունեն։ Հարցն այն է, որ մինչ այս Լաչինով էին Արցախ այցելում, իսկ հիմա չեն կարողանում այդտեղով անցնել, քանի որ Ադրբեջանը նախապայման է դնում` ասելով, թե Աղդամով գնացեք»,–նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի գործել, թե ոչ, կապված է մեր վարած արտաքին քաղաքականությունից։
«Հույսը դնել Մինսկի խմբի վրա ու սպասել, որ խումբը լուծելու է այն, աբսուրդ է։ Այսինքն` մենք մեր պրոբլեմները բարդել ենք խմբի վրա ու սպասում ենք, որ նրանք մեր խնդիրները կլուծե՞ն»,–ասաց Մարուքյանը։











