Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները

6
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Մասնավորապեսհամանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրյու Չոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները`հետագա ցանկացած էսկալացիա կանխելու համար:

«Ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների, ինչպես նաեւ այլ աղբյուրների, հուլիսի 12-13-ը տեղի է ունեցել հրադադարի լուրջ խախտում, որը հանգեցրել է զոհերի: Հաղորդվում է, որ երկու ուժերի կողմից օգտագործվել է տարբեր տրամաչափի հրետանի:
 
Համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի (PRCIO) անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են զոհերի համար եւ ցավակցություն հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: Համանախագահները եւ PRCiO-ն միջադեպը սկսվելու պահից անմիջական կապի մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողությունների սկզբում: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջեւ գոյություն ունեցող ուղղակի կապի միջոցով:

Մինսկի խմբի համանախագահները նաեւ կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները եւ ընդգծում են տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդների վերադարձի անհրաժեշտությունը՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: