Մինչև Փաշինյանը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու․ Վազգեն Մանուկյան

151
Վազգեն Մանուկյան

Այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար։ Այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խոսելով քաղաքացիների անհնազանդության ակցիաներից։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, Մանուկյանն ասաց, թե չի կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։

«Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Բաժանման սովորական փորձն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որ հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և կուսակցություններ որոնք չեն ուզում։ Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել»,-նշեց նա։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի պնդմամբ՝ նախևառաջ Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների եռակողմ կամ Ադրբեջանի հետ։

«Որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Առանց որևէ բանակցության, միջազգային իրավունքի՝ տրվում են սահմաններ։ Մինչև սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Ընտրություն անցկացնելը նշանակում է նորից տրոհել Հայաստանը։ Ընտրությունը նշանակում է պայքար, կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել։ Այս վիճակում իմաստ ունի՞ այդ գործընթացի մեջ մտնել։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի նման բան անել»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվե՞ն, Մանուկյանն արձագանքեց՝ չեն թողնի․ «Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։