Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն Արցախ չեն կարողանում այցելել. հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է

39
Դավիթ Բաբայան

Բավականին երկար ժամանակ է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները չեն այցելում Արցախ։ Վերջին անգամ այցելություն է տեղի ունեցել 2019թ վերջին, ինչից հետո եղավ կորոնավիրուսի համավարակը, դրանով պայմանավորված՝ հետաձգվեց, հետո պատերազմ տեղի ունեցավ, բայց սա զուտ տեխնիկական խոչընդոտներ են։ Քաղաքական առումով ավելի կարևոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը, ըստ ամենայնի, փորձում է թույլ չտալ կամ բարդեցնել նրանց այցելությունը տարածաշրջան։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Բաբայանը նշեց, որ կապի մեջ են նրանց հետ, հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահի հետ, ինչը բարձր է գնահատվում, քանի որ դա կարելի է համարել որպես համանախագահների հետ հանդիպումներից մեկը։

«Հուսով ենք, որ պետք է այցելեն տարածաշրջան, մի օր այդ այցելությունը պետք է տեղի ունենա, հատկապես, որ իրենք ուզում են և հայտարարում են դրա մասին։ Բնական է, որ Ադրբեջանը խոչընդոտում է և խոչընդոտելու է »,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ չի կարծում, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրները շանտաժին տեղի կտան և Ադրբեջանը կհասնի նպատակներին։