Մհեր Գրիգորյանը մանրամասներ է պատմել Ադրբեջանի փոխվարչապետի հետ Երասխում ունեցած հանդիպումից

246

Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Երասխում կայացած առաջին հանդիպումից։ Գրում է Հրապարակը։

– Ո՞ր հատվածում է կայացել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով առաջին նիստը, արդյոք այդ հանդիպմանը սահմանամերձ համայնքների ղեկավարներ մասնակցե՞լ են, և ի՞նչ կարող եք հաղորդել արդյունքների մասին:

– Հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին:  Հանդիպմանը մասնակցել են հաստատված կազմերից ներկայացուցիչներ` փոխվարչապետերի գլխավորությամբ: Այս հանդիպման ընթացքում քննարկվել են միայն հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

– Ինչո՞վ է պայմանավորված, որ ադրբեջանական հանձնաժողովը բաղկացած է 23 անդամից, իսկ հայկականը՝ 12։

– Որևէ հատուկ հանգամանքով պայմանավորված չէ: Կողմերը իրենք են որոշում իրենց հանձնաժողովների կազմերը, որոնք հընթացս, կախված աշխատանքային ընթացքից, կարող են համալրվել կամ փոփոխվել:

– Հստակեցվե՞լ է, արդյոք, թե ո՞ր քարտեզների հիման վրա է ընթանալու սահմանազատման գործընթացը։

– Աշխատանքների իրականացման և մեթոդաբանության վերաբերյալ հարցեր համատեղ դեռ չեն քննարկվել և չեն համաձայնեցվել:

– Հաջորդ հանդիպումը ե՞րբ է կայանալու, որտե՞ղ և ի՞նչ կազմով։

– Որոշվել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, իսկ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ:

– Մամուլում գրվեց, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը տիրապետում է հայերենին։ Դուք նրա հետ ի՞նչ լեզվով եք շփվել։ Արդյոք հայերե՞ն է եղել ձեր շփումը։

– Մեր շփումները եղել են ռուսերենով: