Մհեր Գրիգորյանը ապաշրջափակման հարցով կրկին հանդիպել է Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի հետ․ հայկական կողմը թաքցրել է հանդիպումը

151

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի նիստ, որը նախագահում են երեք երկրների փոխվարչապետերը՝ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Մինսկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա ասել է, որ Ռուսաստանի առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Միշուստինը նկատել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանկներում գործնական նշանակության էական աշխատանք է կատարվում:

Նշենք, որ ֆորումը տեղի է ունեցել հունիսի 16-ին, սակայն որևէ հաղորդագրություն չի եղել այս եռակողմ հանդիպման մասին։ Հերթական անգամ մենք տեղեկանում ենք մեր երկրի ճակատագրին վերաբերող կարևորագույն հարցի մասին այլ երկրի վարչապետի պաշտոնական խոսքից։

Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 3-ին Մոսկվայում։