«Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնության համար չկան «սևեր և սպիտակներ»․ Զոհրաբյան

15

«Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնությունը քաղաքական շահեր չի հետապնդում, այս գործընթացով օգնելու են գործող իշխանությանը ընտանիքի և հոգևոր արժեքների պահպանության գործում գործուն մեխանիզմներ մշակելու քայլեր ձեռնարկելու համար, մեզ համար չկան «սևեր և սպիտակներ»։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց նախաձեռնող խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Հաշվի առնելով, որ այժմ քաղաքական դաշտում չունենք ձևավորված մշակույթ և լռեցվում են ցանկացած իրական փաստարկներ, մենք փորձելու ենք խնդիրները ներկայացնել՝ բացառելով որևէ քաղաքական ազդեցություն։ Նախաձեռնությունը քննարկելու և խմբագրելու են «Հայաստանյաց Առաքելակսն սուրբ եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմնունքների մասին» օրենքը։ Վստահ եմ, որ նախաձեռնությունը թիրախավորվելու ու քննադատվելու է, սակայն վստահ ենք նաև, որ թիրախավորվելու են մարդիկ, ոչ թե գաղափարները, կխնդրեինք ընդդիմախոսներին ներկայացնել փաստարկված ու գաղափարական քննադատություն»,-ասաց Զոհրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ մասնագիտական հանձնաժողովի օգնությամբ խմբագրելու են օրենքը, կատարելու են ստորագրահավաք և ներկայացնելու են իշխանությանը։

Զոհրաբյանի խոսքով՝ բռնության դեմ պետք է պայքարել, ընդունման են ներկայացվել Ստամբուլյան և Լանզարոտի կոնվենցիաները, որոնք ներկայացվում են, որպես բռնության դեմ պայքարող կոնվենցիաներ։ «Բռնության դեմ, այո, պետք է պայքարել, սակայն ոչ ընտանիքի արժեհամակարգի պահպանման հաշվին»։