Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները․ Իրանի դեսպան

60
Իրանի համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները։ Ինչպես հայտնում է Սյունիքի մարզպետարանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման կարծիք է հայտնել Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում բացվելիք՝ Իրանի հյուպատոսությունն է եղել։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։
Դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին և ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն։

«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է Զոհուրին։