Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն․ Վարչապետ

6
Հայաստանը շարունակվում է բարելավման վիճակում գտնվել: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված վիճակին:

«Դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է, ու այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, պատճառն այն է, թե կա պահանջ, որ դպրոցում երեխաները պետք է դիմակ դնեն: Ես ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որ թույլ չտանք վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի, ու կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են: Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում ու պահպանում, մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև մեր երեխաներին նույնպես, մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց մոնիթորինգ կանենք իրավիճակը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նա ասաց, թե մոնիթորինգի արդյունքում համապատասխան անհրաժեշտ որոշում կկայացնեն, որ երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն և նշեց, որ այս ամենը արվում է, որ չվերադառնանք խիստ սահմանափակումների: