Մեր բնակելի հատվածից թշնամին լինելու է 1 կմ, օդանավակայանից` 200-300 մ հեռավորության վրա․ Կապանի քաղաքապետ

121
Գևորգ Փարսյան

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, գնահատելով կապանցիների բողոքի ակցիան ընդդեմ Սյունիքի նոր սահմանազատման, ասաց. «Ճիշտ է անում ժողովուրդը»։

Նրա դիտարկմամբ` վիճակը հասել է նրան, որ քաղաքացիներն ու կամավորները ստիպված են ճանապարհներ փակել` հանուն անվտանգության երաշխիքների։

Նա նաև հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Սյունիքի սահմաններն ու դեռևս հայկական կողմի վերահսկողության տակ մնացած դիրքերը հսկող կամավորներին ՀՀ ՊՆ–ից հրահանգվել է հետ քաշվել մինչև նախկին խորհրդային սահմանի տարածքը։

«Մենք դիրքեր էինք զբաղեցրել էինք թե՛ քաղաքի, թե՛ գյուղերի անվտանգությունն ապահովելու համար, հիմա այդ անվտանգության գոտին այլևս չի լինելու։ Մեր բնակելի հատվածից թշնամին լինելու է 1 կմ, օդանավակայանից` 200-300 մ հեռավորության վրա։ Մեր գյուղերը երկու կողմից բլոկադայի մեջ են հայտնվում։ Խայտառակ վիճակի մեջ ենք ընկնում»,– ասաց Փարսյանը։