Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում արտագնա աշխատանքի մեկնողները և Ռուսաստանում բնակվող քաղաքացիները, ովքեր ցանկանում են գնալ ՌԴ, սակայն փակ սահմանների պատճառով դրա հնարավորությունը չունեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության դիմաց հանդիպեցին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, խնդրեցին բանակցել ՌԴ-ի հետ՝ իրենց Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալու շուրջ։
«Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացնում է բոլոր երկրների համար»,- ասաց ԱԳ նախարարը։
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները նաև հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նշեց.
«Պարոն Բադասյանը Կառավարության նիստին խոսեց մեղմացումների մասին, ավելին կներկայացվի Ազգային ժողովում։ Ճիշտն ասած, սահմանների հարցին ես չեմ տիրապետում։ Խնդրում եմ, հեռախոսահամար փոխանցեք, ես պարետատնից կճշտեմ, ձեզ կտեղեկացնեմ»։











