Մենք հայրենազրկվել ենք, պատասխանատուները ձև են բռնել, որ բան չի եղել

0
Տիգրան Աբրահամյան

Այն մարդիկ, ովքեր ասում են, թե «մարդիկ ողբերգություն են ապրել, դուք էլ անընդհատ ասում եք, հիշեցնում եք», ապա կամ նրանք խորը մոլորության մեջ են կամ դիտմամբ փորձում են այս ողբերգական իրավիճակը «մարսելու» միջավայր ձևավորել։

Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա գրել է. «Մեր ժողովուրդը պետք է իմանա իրական պատկերը։ Եվ որքան էլ ծանր լինի՝ պետք է տեսնի իր օջախը վառող քաշաթաղցուն, անասուններն իր դեմը գցած ու դեպի ՀՀ եկող քարվաճառցուն, Աղդամում այգի տնկած, բայց դա ամբողջությամբ կորցրած բնակչի հոգեվիճակը։ Պետք է իմանա, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց տան անդամի դին են տեղափոխում ՀՀ, որովհետև Նիկոլը որոշել է, որ դա պետք է հանձնի։

Իսկ ինչ ե՞ք ուզում տեսնել՝ սերիալներ, հեքիաթներ ու շարունակել հանգիստ ապրե՞լ։ Ի՞նչ։

Իրականությունից չես փախնի։

Մենք կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջաններից, կորցրել ենք Շուշին, Հադրութի շրջանը գրեթե ամբողջութամբ, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։

Էլ չեմ խոսում Նիկոլի ստորագրած խայտառակ փաստաթղթով Ադրբեջանին անցնող շրջանների մասին՝ Աղդամը, Քաշաթաղը գրեթե ամբողջությամբ, բացառությամբ՝ 5 կմ միջանցքի, Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ շրջկենտրոնով։

Ու դուք ուզում եք, որ մենք լռե՞նք։ Չենք լռելու, որովհետև ի տարբերություն Նիկոլի, մեր հայրենիքը սիրում ենք ոչ թե նրա համար, որ երկու փողոց ավել ասֆալտ է արված, այլ որովհետև դա մերն է, դրա համար մարդիկ են զոհվել, դա պահելու համար մարդիկ կյանք են դրել։

Մենք հայրենազրկվել ենք, պատասխանատուները ձև են բռնել, որ բան չի եղել, եթե եղել է՝ բոլորը մեղավոր են բացի իրենցից, այդպես էլ պետք է լիներ, իսկ մեր մեջից մարդիկ ասում են, որ անընդհատ խոսելով մարդկանց վերքը չի փակվում, բա էսի սենց, բա էնի նենց։

Կներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ, դուք գիտե՞ք իրենց վիճակը՝ ես գիտեմ։ Դուք գիտե՞ք, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ապրել են Արցախում, գիտեն ետ հողի արժեքը։

Եվ վերջապես դուք գիտե՞ք, թե նրանք ինչ են զգում, երբ դուք կրավորական դիրք եք ընդունել կամ խոսում եք ամեն ինչից բացի տեղի ունեցած ողբերգությունից։ Ես գիտեմ»։