Կանգնած ենք մինչև վերջ, մենք չենք խնդրելու զինադադար, մենք պետք է պարտադրենք զինանդադար

5
Արայիկ Հարությունյան

Ամենածանր մարտերը հյուսիսում՝ Թալիշում, և հարավային ուղղությամբ են ընթանում, տանկերով գալիս են, ինչքան ուժ ունենք, խփում ենք, վառվում են, ոչ հաշվում ենք՝ քանի հատ տեխնիկա ենք խփել, ոչ էլ հավես ունենք հաշվելու: Խփելու ենք այնքան, մինչև ուշքի գան։ Այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արցախ մեկնած կամավորների հետ։

Նա ընդգծեց՝ բոլորս պետք է գիտակցենք, որ մեր կյանքին է կապված մեր երկրի ապագան, մեր սերունդների այս հողում ապրելու իրավունքը և ամենակարևորը՝ մեր արժանապատվութունը: «Ուզում եմ, որ համոզված լինեք՝ կանգնած ենք մինչև վերջ, մենք չենք խնդրելու զինադադար, սա պետք է բոլորս իմանանք, մենք պետք է պարտադրենք զինանդադար, եթե մենք խնդրենք զինանադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետև կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ, իսկ Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, նրան հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերը իրականցնելու առումով: Մենք պետք է հասկանանք՝ մեր քայլից, մեր ապրելու իրավունքից է կախված մեր ապագան, պիտի փորձենք ապրել»,- կարևորեց նա:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ երբ զանգել, խոսել է Հաթերքի գումարտակի հրամանատարի հետ, հարցրել իրավիճակը, իրեն զեկուցել է՝ կարծես սովորական զորավարժություն լինի, և որևէ խուճապ չի նկատել. «Ինձ զեկուցում են՝ ամեն դիրքի վրա հարյուրից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, մի խումբ ստեղ են, հեսա դա էլ հետ ենք մղում, գնան: Չկա որևէ խուճապ, ասում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասում է՝ մենք ապահովված ենք ամեն ինչով, հարցը լուծվել է շատ կարճ ժամկետում, մեր բոլոր հրամանատարների զեկույցները նույն ձև են»: