Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«ՆՈՐ» ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ
կամ մի մանիպուլյացիայի պատմություն
Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ պատճառով այն անպայման բացվելու է և այդ ճանապարհից օգտվել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը»։
Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 5-ին հայտարարել էր. «Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա»։
Չնայած Հայաստանի ղեկավարի այս մանիպուլյատիվ հայտարարությանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնք միջանցքի գլխավոր շահառուներն են, փաստացի արդեն նոյեմբերից սկսել են Սյունիքի տարածքով՝ Մեղրիի շրջանով անցնելիք մուլտիմոդալ ճանապարհի՝ այսինքն միջանցքի կառուցման աշխատանքները։ Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ոչ միայն ավտոճանապարհ, այլև երկաթուղային գիծ և գազատար։ Արդեն իսկ սկսվել են նախագծման և որոշ շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են Սյունիքից արևելք և արևմուտք։
Իմիջիայլոց, մեր թշնամիները ևս խուսափում են «Մեղրիի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ադրբեջանն ու Թուրքիան գործածության մեջ են դրել երկու հիմնական եզր՝ «Նախիջևանի միջանցք» և «Զանգեզուրի միջանցք»։ Վերջինս ակտիվորեն օգտագործում են նաև Արևմուտքում (տե՛ս օրինակ Atlantic Council կամ Stratfor ամերիկյան հետազոտական կառույցների հոդվածները այս թեմայով)։
Ստացվում է, սիրելի՛ հայրենակիցներ, որ Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ (սա շատ նման է պատերազմի ընթացքում իշխանությունների կիրառված «տակտիկական նահանջ է, ոչ թե ջախջախում» հայտնի թեզին)։
Ինձ մնում է միայն հիշեցնել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածը Մեղրիի միջանցքի մասին (https://www.aravot.am/2020/12/18/1159873/) և հատկապես այս տողերը. «Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը… Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: …Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը: