Մարզերին 21 շտապօգնության մեքենա կնվիրաբերվի

35

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ամենագնաց շտապօգնության մեքենաները մարզերին որպես նվիրատվություն հանձնելու որոշումը։

Դրանք ձեռք են բերվել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում, մեքենաների թիվը 21 է։ Դրանք հագեցված են բժշկական սարքավորումներով ու պարագաներով։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ասաց, որ առաջնային համարելով մասնավորապես ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը, առողջապահության նախարարությունն իր առաջնահերթ խնդիրներից է համարում մարզերում գործող շտապօգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը։ Կարևոր խնդիր է մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված ամենագնաց տրանսպորտային միջոցների ապահովումը։

«Նշված նպատակով ձեռք են բերվել 21 ՈւԱԶ տեսակի ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, բժշկական պարագաներով։ ձեռք բերված մեքենաները և սարքերը առաջարկվում է նվիրաբերությամբ տրամադրել ընտրված մարզային ԲԿ-ներին՝ որպես նվիրատվություն»,- ասաց փոխնախարարը։

Ավանեսյանի տեղեկացմամբ՝ Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնին՝ 2 մեքենա։ Եվ նաև բոլոր մարզերն էլ հագեցվելու են նոր մեքենաներով։

Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ նախարարությունը նաև մեծ քանակությամբ արհեստական շնչառության սարքերի գնումներ էր իրականացրել։ «Ներկայում գույքագրում ենք անում, այն բժշկական կազմակերպությունները, որոնք այս պահին այդ չափի սարքավորումների պահանաջարկ չունեն, դրանք կպահեստավորվեն և ըստ անհրաժեշտության կվերաբաշխվեն մարզային ԲԿ-ներին ու Երևանում»,- հավելեց փոխնախարարը։