Մարուքյանը դիմել է միջազգային կառույցներին՝ հայ ռազմագերիներին Ադրբեջանի շքերթի ժամանակ չցուցադրելու համար

43

Պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողներ և քաղաքացիական անձինք գերի են ընկել և այժմ Ադրբեջանի բանտերում և այլ պահման վայրերում նրանք հիմա սպասում են իրենց փոխանակմանը։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դիմել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, որը միակ մարմինն է, որը կարող է այցելել Ադրբեջանի բանտային համակարգ, փակ հաստատություններ և տեսնել, թե քանի մարդ է գտնվում այնտեղ, կանխարգելել վատ վերաբերմունքը։ Մարուքյանը նշեց, որ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հաղթական շքերթ անցկացնել, որի շրջանակներում կցուցադրվեն ԶՈՒ առգրավված զրահամեքենաներ և ռազմագերիներին այդ շքերթով անցկացնել։

Մարուքյանը նշեց, որ այդ հարցով դիմել են ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին և ԵԽԽՎ նախագահին և նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ նման բան տեղի չունենա։ Մարուքյանը վստահ է, որ հայ ռազմագերիներին որևէ ձևով չեն կարող օգտագործել և դուրս հանել շքերթին։Ինչ վերաբերում է ռազմագերիների փոխանակմանը, ապա այդ հարցով դիմել է ՌԴ նախագահին։ Մարուքյանն արձանագրեց, որ Բերձորից, Քարվաճառից դուրս գալու ժամկետներ ունենք, բայց գերիների փոխանակման համար ժամկետներ չկան։