Մարդկանց մտավախությունները կապված Կարմիր շուկայի հետ, միանշանակ, հիմք ունեն, որովհետև Արայիկ Հարությունյանը շարունակում է նույն ոճով ստել ու թատրոն խաղալ, ինչ արել է 44 օր շարունակ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։
«Հիշո՞ւմ եք, սուրճի բաժակով ներկայացումը, հիմա նա նույն կերպ կինոյի տղա է խաղում, մինչդեռ կեղծ հայրենասերն իրականում հենց ինքն է։ Երբ դավաճաններից է խոսում՝ թող ուղղակի հայելին պահի իր դիմաց և կհասկանա, թե ով է դավաճանը։ Մարդիկ անհանգստացած են, կա անհանգստություն և դա հիմք ունի։ Մոտ 2 շաբաթ առաջ ես ինքս եղել եմ Կարմիր Շուկայում, անցել եմ այդ ճանապարհով և ի պատասխան իրեն՝ ուղղակի ասեմ, որ եթե ինքը ուղղակի կինո է խաղում դուբլերով, ապա ես կասեմ այն, ինչ իմ աչքով եմ տեսել։ Ամբողջ ճանապարհին, երբ Ստեփանակերտից դուրս ենք գալիս, դեպի ձախ տանող ճանապարհին, որ անցնում է Շուշ, Սպիտակաշեն, Թաղավարտ, Կարմիր շուկա ուղղությամբ, ողջ ճանապարհին միակ և վերջին կետը, որտեղ ես տեսել եմ մեր զինվորներին, Ստեփանակերտից դուրս եկող ճանապարհահատվածում էր։ Այնուհետև ես չեմ հանդիպել որևէ վերահսկողության մեր կողմից։ Այդ հատվածներում կային ռուս խաղաղապահների անցակետեր, այսինքն, հսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։ Իսկ Արայիկ Հարությունյանը նորից բացահայտ կերպով ստում է ու ամենանտանելին դարձել է այն, որ նա կանգնում նայում է այն մարդկանց աչքերին, ովքեր ապրում են այդտեղ։ Բայց պետք է ասեմ, որ խաբվում են ոչ թե այդտեղ ապրող մարդիկ, որովհետև իրենք պատկերացնում են, թե ինչ է իրականում կատարվում, այլև նա դա անում է Արցախից դուրս գտնվող մարդկանց համար, ովքեր դեռ մոլորության մեջ են և մտածում են, որ Արայիկ Հարությունյանը մասնակցություն չուներ հայրենիքի դավաճանության գործում։ Ինքը դեռ փորձում է պահել այդ մարդկանց՝ շարունակելով նույն կեղծ խաղը, որը խաղում էր 44 օր շարունակ»։











