Մարալիկի ծննդատան 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել

20
«Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Պարզվում է՝ ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, որի հետևանքով կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ:

«Մենք փորձեցինք բաժանմունքը վերազինել, այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում բաժանմունքին կարգ չշնորհվեց»,- ասաց հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:

Ժ/Պ-ի խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ՝ առկա բացերը լրացնելու համար. բաժանմունքը վերազինել են անհրաժեշտ բժշկական սարքերով, սակայն, երբ կրկին դիմել են Առողջապահության նախարարություն, պատասխան են ստացել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնասիրություն կատարելու համար հանձնախումբ չունեն:

Աշխատակիցները մտահոգված են՝ այդքան ծրագրեր են իրականացնում, միթե Մարալիկը չի կարող դրանց շարքին դասվել:

«Մենք խնդրում ենք որոշակիություն, հնարավորություն տալ աշխատել, եթե դա չեն տալիս, կառավարության որոշում տան, որ աշխատակիցներն աշխատանքից ազատված են: Ինչքան կարելի է անորոշության մեջ մնալ»,- ընդգծեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: