Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։
Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին` առողջական վիճակից ելնելով։
«Ամբաստանյալի բացակայությամբ նիստը շարունակել անհնար է, և այն ենթակա է հետաձգման։ Սակայն նախորդ նիստին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը հանելու, ուստի մինչև նիստը հետաձգելը կքննարկենք միջնորդությունը»,–ասաց դատավորը։
Նա հայտնեց, որ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ ՊԵԿ հարցում են ուղարկել և պատասխան ստացել, որ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 2018–20թթ. 1 մլրդ 36 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություններ ունի։
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, դիմելով դատարանին, ասաց, որ այդ իսկ պատճառով էլ ուզում են Գրիգորյանի գույքի մի մասը կալանքից ազատվի ` 9 մլն դրամի չափով, որպեսզի հարկային պարտավորությունները կատարեն։ Իսկ հարկային պարտավորություններն առաջացել են, քանի որ ընկերությունը շահույթ չի ստացել այս ընթացքում, աշխատավարձեր չի կարողացել վճարել։
Դատավոր Մարտիրոսյանն էլ ասաց, թե արձանագրում է, որ երբևէ չի արգելել «Արա և Այծեմնիկ» ընկերությանը կատարել իր հարկային պարտավորությունները։ Ուստի, պաշտպանների ներկայացրած միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։











