«Մամա՛ ջան, հոգ տար քո մասին, նորմալ սնվի, քնի, շուտով կվերադառնամ»․ հայ գերիները՝ Ադրբեջանում․ պատանդներ, թե՞ սակարկության առարկա․ BBC-ի անդրադարձը

102

Բաքվում տասնյակ հայ ռազմագերիներ մնում են անազատության մեջ՝ դառնալով պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բախումների պատանդները։

Զինծառայողներին Ադրբեջանը չի շտապում հանձնել Հայաստանին։ Այս մարդիկ դարձել են սակարկության առարկա բանակցություններում, որոնք պետք է տանեին խաղաղության, բայց հայտնվել են փակուղում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ 2021 թվականի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ զինծառայողների դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության, զենքի ապօրինի պահման ու կրման, սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև «զինված կազմավորումներ» ստեղծելու համար։ «Ապակյա խցում իրենց դատավճիռներն են լսել զինվորականներ, որոնց շրջափակել ու ձերբակալել էին 2020 թվականի նոյեմբերի վերջին՝ արդեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նրանք գտնվել են Հադրութի Հին Թաղեր գյուղում»,- գրում է BBC-ն՝ նշելով, որ այս գյուղը կարևոր կետ էր քարտեզի վրա, որը մարտերի ավարտից հետո հայտնվել է «գորշ գոտում»։

«Թե կոնկրետ ով է վերահսկել Հին Թաղերը, անհասկանալի է։ Լեռնային Ղարաբաղ մտած ռուսական խաղաղապահները կարծում էին, որ գյուղում ադրբեջանցիներ են, այդ պատճառով էլ ռուսներն իրենց դիրքերը դրել են Հին Թաղերից 15 կմ հեռավորության վրա։ Այս որոշման հետ համաձայն էր Բաքուն, սակայն Հայաստանը կարծում էր, որ քանի որ գյուղը չի գրավվել, այն մնում է ԼՂ իշխանությունների հսկողության տակ։

Արդյունքում գյուղի մոտակայքի դիրքերում շարունակում էին հերթապահել հայ զինծառայողները։ Խառնաշփոթ էր տիրում մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր դժվարանցանելի տեղանքում, որտեղ մերթ ընդ մերթ կորչում էր հեռախոսակապը: Ամբաստանյալներից Մանուկ Մարտոյանը դատավարության ժամանակ պատմել է, որ իրեն և իր ծառյակիցներին ուղարկել են Հադրութի շրջան և կարգադրել «պահակություն անել և ոչ ոքի չթողնել անցնել»»,- ասվում է հրապարակման մեջ։ Դեկտեմբերի 13-ին Մարտոյանը վերադարձի հրաման է ստացել։ Դուրս գալով Հադրութի շրջանից՝ զինծառայողները հանդիպել են ադրբեջանցիների։ Մոտ 60 հայ գերի է ընկել։ Մարտոյանը նախ իրեն մեղավոր է ճանաչել՝ հուսալով մեղմել վճիռը, սակայն դատի ժամանակ հրաժարվել է իր մեղքը ճանաչել։

Նա պատմել է, որ հրամանատարությունն իրենց հրամայել է կրակ չբացել։ BBC-ն գրում է, որ երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվել է, լրացել է Մանուկ Մարտոյանի 21 տարին։ Նրան և Գյումրիից 35 կմ հեռավորության վրա գտնվող Լանջիկից իր ևս 3 համագյուղացու մոբիլիզացրել են պատերազմի հենց սկզբում։ Տանը մնացել են ավագ եղբայրն ու հիվանդ մայրը։ Ընտանիքին օգնել է Մանուկի հորեղբայրը՝ Ալեքսանը։

«Մանուկը մոտ 4 տարեկան էր, երբ հայրը՝ իմ եղբայրը, հեռացավ մեզանից։ Մայրը տղաներին ոտքի է կանգնեցրել միայնակ՝ առանց հոր։ Ինքն էլ հիվանդացել է՝ շաքարախտ ունի։ Տնտեսությունը մնացել է ավագ որդու ուսերին»,- պատմել է Ալեքսանը։ Մանուկի մասին էլ ասել է․ «Մեծերին հարգում էր, գյուղում բոլորի հարգանքն էր վայելում»,- մի քիչ մտածելով՝ շարունակել․ «Ղարաբաղի ճանապարհն էլ չգիտեր»։

Բանակում Մանուկը ծառայել է երկու տարի, մայրաքաղաքում՝ պատվո պահակախմբի կազմում։ Ընտանիքը վստահ չէ, որ նրան ծառայության ժամանակ գոնե սովորեցրել են կրակել։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին նրան տարել են Ջաբրայիլ ու զենք տվել։ Քաղաքում մարտեր են ընթացել։ Արդեն հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ քաղաքը գրավված է։

Պաշտոնական Երևանը չէր համաձայնում այս հայտարարությունների հետ, սակայն բավական արագ պարզվեց, որ քաղաքը գրավվել է հենց այդ օրերին։ Դատական նիստին Մանուկ Մարտոյանը պատմել է, որ իր ընկերների հետ փախել է ադրբեջանական հրետանուց։ Նրանք միասին հասել են Գորիս, որն արդեն Հայաստանում է։ Մի քանի օր այնտեղ է անցկացրել, հետո Մանուկը հասել է հայրենի գյուղ։ Ալեքսան Մարտոյանն ասում է, որ Մանուկը 10 օր է մնացել տանը, հետո «եկել են նրա հետևից», մեղադրել դասալքության մեջ։ Բայց ինչ-ինչ պատճառներով նրան չեն ձերբակալել, այլ ուղարկել են զորամաս, իսկ այնտեղից՝ Հադրութ, որտեղ էլ գերեվարվել է։

«Բարև՛, իմ սիրուն ու ուժեղ մամա,- Մանուկը նամակներ է փոխանցել Կարմիր խաչի միջոցով։- Մամա՛ ջան, ինձ մոտ ամեն բան լավ է, միայն թե՝ կարոտում եմ։ Ի՞նչ ասեմ։ Պատմելու բան չկա։ Ամեն բան լավ է, առողջությունս լավ է։ Պետք չի ապրել անցյալով, քանի որ առջևում մեզ սպասվում են շատ ուրախ ու երջանիկ օրեր։ Կգամ ու մենք բոլորս միասին նորից երջանիկ կապրենք։ Այս բոլոր փոքր տանջանքները, հնարավոր է`ինձ պետք էին։ Ուղղակի պետք է դասեր քաղել։ Ճիշտ է, լավ կլիներ, որ դուք չանցնեիք այս ամենի միջով։ Մամա՛ ջան, հոգ տար քո մասին, նորմալ սնվի, քնի։ Շատ մի մտածի, շուտով կվերադառնամ։ Աստծո կամոք ամեն բան լավ կլինի»։

Այն մասին, որ իր տղան գերեվարվել է, Մանուկի մայրն իմացել է լրատվամիջոցներից։ Մայրն ընդամենը 50 տարեկան է, բայց որդու գերեվարումից հետո դադարել է քայլել։ Ոտքերն ուռել են շաքարախտից։ Մինչ պատերազմը նա դեռ կարողանում էր այգում աշխատել, իսկ հիմա դժվարությամբ է զուգարան գնում։

Ալեքսանը նրա մասին պատմում է․ «Անընդհատ նստում է հեռուստացույցի դիմաց։ Լավ լուրերի է սպասում»։

Իսկ ո՞ւր են անհետացել ռազմագերիները, հարցադրում է անում BBC-ի հոդվածագիրը։ Բաքուն պնդում է, որ Ադրբեջանի տարածքում գերության մեջ 33 հայ զինծառայող կա։ Սակայն ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ այս թիվը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը։

«Մենք անհետ կորածների ցուցակը հանձնել ենք Մադու իրավունքների եվրոպական դատարան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Ադրբեջանը հաստատել է, որ այդ մարդկանց մի մասը՝ 33 զինվորական, իր մոտ են։ Բայց ո՞ւր են մնացածը»,- հարց է բարձրացնում Թաթոյանը։

ՀՀ-ն կարծում է, որ Ադրբեջանում կարող է գտնվել ևս 80 մարդ։ Չկա որևէ միջազգային մեխանիզմ՝ այս թիվը ճշտելու։ Կա միայն Կարմիր խաչը, սակայն նրանց աշխատանքը գաղտնի է, և նրանք հնարավորություն չունեն ստուգելու բոլոր վայրերը, որտեղ կարող են պահվել այդ մարդիկ։

Փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը պարզաբանում է, որ իրավապաշտպանները երկար ժամանակ աշխատել են հայ զինծառայողների գերեվարելու պահերը ստուգելու համար։ Համացանցում հրապարակված տեսանյութերը թույլ են տալիս նշել ևս 80 մարդու մասին (ի լրումն Ադրբեջանի կողմից ճանաչված 33-ի), ովքեր գերի են ընկել Ղարաբաղում։

«Իրականում այդ մարդիկ համարվում են անհետ կորած, քանի որ նրանց գերությունը չի ճանաչվում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բայց, չնայած նրանք հրաժարվում են հաստատել այս տեղեկությունները, գերության փաստը հաստատող բավականաչափ տեսանյութեր կան»,- վստահեցնում է Սահակյանը։

Ադրբեջանում «ահաբեկիչներ» են։ BBC-ն նշում է, որ Ադրբեջանը հայ զինծառայողներին չի համարում ռազմագերիներ. իբր, քանի որ նրանք գերի են ընկել այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը եռակողմ հայտարարություն են ստորագրել, որով դադարեցրել են ռազմական գործողությունները, այդ պատճառով էլ նրանց գերի համարելու պատճառ չկա։ Ադրբեջանական մամուլը նրանց «ահաբեկիչներ է անվանում։

«Բաքուն քրեական գործեր է հարուցում՝ ձևացնելով, որ հակամարտությունը լուծված է։ Սակայն հակամարտությունը շարունակվում է։ Կրակում են գրեթե ամեն օր․ այս ամենը շարունակվում է, սա նաև ԿԽՄԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է։ Հետևաբար, այս բոլոր մարդիկ ռազմագերիներ են՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, այլ ոչ թե հանցագործներ»,- ասում է Արման Թաթոյանը։

Նույնիսկ ադրբեջանցի իրավապաշտպաններն են նշել, որ հայ զինծառայողների նկատմամբ դատավարություններն ընթացել են միջազգային նորմերի խախտմամբ։ «Դատերն ընթացել են հապճեպ՝ չխորանալով գործի էության մեջ, քանի որ բոլորն էլ հասկանում էին, որ պետք է ինչ-որ բանտարկության ժամկետ տալ, ընդ որում՝ չխորանալով մանրամասների մեջ։ Չէ՞ որ այդ մարդիկ վաղը փոխանակման ու սակարկությունների առարկա են դառնալու հայկական կողմի կամ ամերիկյան կամ անգամ սիրիական կողմի հետ, չէ՞ որ այնտեղ կա նաև Սիրիայի երկու քաղաքացի»,- ասում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը։

Վերջին ամիսներին Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները գրեթե ոչինչ չեն ասում գերիների մասին։ Նրանք միայն անցյալ տարվա սեպտեմբերին գերի վերցված հայերի խոշտանգումների ու սպանությունների տեսագրությունը կեղծ են անվանում։ Սակարկության առարկա։

Ինչո՞ւ են Ադրբեջանին պետք այդ մարդիկ

Փորձագետները կարծում են, որ գերեվարված զինվորներն Ադրբեջանի համար սակարկության առարկա են։

Իրավապաշտպան Արիֆ Յունուսի կարծիքով`հայ զինծառայողներին Ադրբեջանը կարող է պահել նաև ՀՀ-ի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար։ Հենց դրանով էլ, նրա խոսքով, բացատրվում է, թե ինչու Ադրբեջանն արդեն երկար ժամանակ է՝ որևէ մեկին չի վերադարձրել․ բանակցային գործընթացում դեռևս լռություն է։

Թարգմանությունը՝ factor.am