Ադրբեջանի հերթական սադրիչ քայլը Արցախի բռնազավթված Շուշի քաղաքում, որին մասնակից են դարձել նաև Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Միջոցառումը մասնավորապես նվիրված է եղել Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցության 30-ամյակին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ միջացառմանը մասնակցել են Ադրբեջանի պետական պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և այլք, որոնք հանդես են եկել նաև ելույթներով։
Միջոցառմանը ներկա են եղել Բաքվում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ու կազմակերպության գործակալությունների ղեկավարները։ Մասնավորապես, իր ելույթում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադենկա Անդրեևան ասել է, որ ՄԱԿ-ի կառույցները Բաքվին աջակցություն են ցուցաբերելու Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման ու ականազերծման գործում։
Միջոցառման շրջանակում Շուշիում, որը Ադրբեջանը բռնազավթել է 44-օրյա պատերազմի ընթացքում, որտեղ հայ բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման, բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը։ Բացի այդ տեղի է ունեցել Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև գործընկերության 30-ամյակին նվիրված փոստային նամականիշի շնորհանդեսը։











